Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Երեկոյան եկավ Ավիսը։ Ասաց, որ պատրաստ են:
Կարող են սկսել միանգամից,—
Հետո կմիանան Երևանը, Կարսը,
Մինչև — Սարիղամիշ...
Իսկ ապա, երբ հողմը գազազի,
30 Երբ բռընկի երկիրը հրով հերոսական —
Մեզ օգնության կգա Ղազախից
Կարմիր Բանակը ռուսական։—
Այս բոլորը այսպես։— Իսկ Դրո՞ն,
Իսկ Սեպո՞ւհը, իսկ ժողովու՞րդը քաղցած,
35 Որ ապրում է միայն հույսերով
Եվ ուտում ամերիկյան հաց...
Իսկ Վրաստա՞նը, Քեմա՞լը... Կարո՞ղ են
Պատնեշ կանգնել արդյոք այս ամենի հանդեպ,
Մինչև հեռվից հասնող հոկտեմբերյան հողմը
40 Գա, օվկիանի նման այս խութերը քանդե։—
Գիշերը անցնում է սակայն և պետք է որոշել:
Պետք է պատասխանել նրանց։
Նա քայլում է, քայլում է ամբողջ գիշերը,
Քայլում է մինչև լուսաբացը։—
45 Մեջքը ցավում է հոգնությունից։ Գլուխը պայթում է։
Արդեն ներս է հորդում սառը, պղտոր մի լույս։
Հեռվից, հազիվ լսելի, հնչում է մի պայթյուն:
Նա արագ հագնում է վերարկուն և ելնում է դուրս:—
Լույսը նոր է բացվում։ Նոսրանում է խավարը:
50 Դառնում է կաթնանման, հոսուն։
Դեմը պատվի է կանգնում ժամապահը։
Նայում է նա նրան մի պահ և ոչինչ չի ասում։
Դեմը — կայարանն է մռայլ, իսկ հեռվում — քաղաքը:
Նա նայում է, նայում է երկար, կանգնած

զրահապատի մոտ։

55 Քաղաքից լսվում է մի ձայն։ Կարծես աղաղակ է։