Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ հմայված իրենց երգով՝
Ներբողներ են իրար ասում։
85 Շա՜տ է չնչին մեր ապագան,
Թե որ դրանց երգին նայես.—
Օ, դարը մեր հերոսական
Այդ երգի՞ն է միթե վայել...

Բայց նա կգա, պոետն այն մեծ,
90 Մեր երազած պոետը նոր,
Եվ ներկայիս մարդուն կերգե
Երգով իր վեհ, ու բորբ, ու խոր։
Պղնձաձույլ իր քնարով
Շու՛նչը կերգե այս մեծ դարի,
95 Կայրե սրտերը սուրբ հրով—
Ու չի՛ դավե իր քնարին...

Մեր վիթխարի դարը ահա
Շառաչելով, ընդդեմ հնի,
Բարձրացրել է, որպես վահան,
100 Հսկա անունը Լենինի:
Եվ ուր առաջ բանտ էր խավար,
Ճորտությունն էր ուր լուռ քնել—
Ալեկոծվում են հողմավար
Անծայրածիր բազմություններ։

105 Աղմկում է հողմանման
Սոցիալական ծովը հիմի,
Կյանքը այսօր օրհասական
Բախումների օվկիան է մի։
Լեռնացել են իրար հանդեպ
110 Երկու հսկա դասակարգեր,
Ընկնում են հին գահեր այնտեղ,
Այստեղ կանգնում չեղած կարգեր,—