Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻԱ


Ես չե՛մ գովերգում հանճարը ձեր,
Օ, ժանտաբարո դպիրներ ծե՛ր,
Որ մառ բարբառով դպրության մութ
Կոփել եք ստրուկ մի ժողովուրդ,
165 Կերտել եք ձեռքով բազմահմուտ
Ոգու շղթաներ թե՛ բարդ, թե՛ բութ —
Եվ ձեր դպրության գրքերը սուտ
Հռչակել թե՛ վեհ, թե՛ լույս, թե՛ սուրբ:

ԻԲ


Ձեր տքնությունը եղել է զուր.
170 Որքան էլ հմուտ ու հանճարեղ —
Ձեզ չի հաջողվել սակայն մարել
Ճորտ ժողովրդի բարբառը սուրբ...
Օ՜, ռամիկ մարդու արդար լեզուն
Հունով հայրենի, չնայած ձեր
175 Դժնի դպրության — դարե՛ր, դարե՜ր
Իր մաքրամաքուր ջուրն է տարել...

ԻԳ


Դո՛ւք — պալատական, դո՛ւք — արդարև
Դժնի դպրության կոթողներ սին,
Թշնամի կյանքի՛ն, սրտի՛ն, լույսի՛ն,
180 Հանուն սրբության անեղծ կույսի՝
Քերթողնե՛ր կրքի ու տռփության,
Դուք չե՛ք այսօրվա մեր դպրության
Դարերից հորդող գետն այն փարթամ,
Որ դեռ հավիտյա՜ն պիտի երթա...