Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻԴ


185 Եվ այժմ ահա նա կրկին
Դառնում է դեպի հին իր տունը,
Որ հզոր շառաչով երգի
Աշխարհում՝ իր նո՛ր խնդությունը։—
Ո՛չ տխուր է նա հիմա, ո՛չ խեղճ,
190 Ո՛չ անհուն աշխարհում կորած.
Նա բերել է հուր մի անշեջ
Եվ անահ գոյության երազ։

ԻԵ


Նա երգում է այսօր հողմաձայն
Նվագներ մեր երկրի համար նոր,
195 Երգերում մեր շաչում է հրցայտ,
Շեփորում է պողպատե ձայնով,—
Աշունքվա երգով ոսկեբառ
Վերհիշում է մերթ իր մորմոքը,
Մեր գրած գրքերում արդար
200 Երազում անմահ իր ցնորքը...

ԻՋ


Օ՜, դու չե՛ս այսօր մեր ցնորքը,
Նո՛րք, անօ՜գ մահացող ավան.—
Ելնում է մի նո՜ր Երևան
Եվ նայում է մեր նո՜ր ոգու խորքը․
205 Օ՜, ուրի՜շ, դա ուրի՜շ մի նորք է՝
Բարձրացած ճիգերով մեր այն —
Մեր ոգուց՝ թեկուզ նայիրյան,
Բայց ուրի՛շ խոհերով բորբոք։—