Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արարից հետո, ընդմիջումի ընթացքում, փակ
                       վարագույրի առաջ։

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանդիսական այրե՛ր մեծարգո՛։—
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի
Մահամնա երկի
Երրորդ արարը դուք արդեն տեսաք —
Եվ, թվում է, թե դուք մնացիք գո՛հ։
Մեր թատրոնի համար մեծ հաղթանակ է սա։
Ինչպես հայտնի է ձեզ՝ մեր թանկագին
Հեղինակը ինքը իր այս երկի
Երկու արարն է լոկ կարողացել գրել․
Մահը, այդ կույր դահիճը, անժամանակ խլեց
Այս աշխարհից նրան — և մեզ թողեց
Անօգնական մի պահ։— Սակայն զորեղ
Իր հանճարի ոգով համակված՝
Վաստակեցինք մենք շատ,— և ձեր առաջ
Ահավասի՛կ նրա հանճարափայլ երկի
Նախավերջին արարը։— Կա՞ արդյոք աստ
Հանդիսական մի գոնե,
Որ չգտնի մեր գործը գերազանց,
Որ մեր գործին ներբող չձոնե։—
Կա՞ արդյոք մեկն այստեղ, որ մեզ ասի, թե մենք
Դավաճանել ենք մեր հեղինակի ոգուն
Գեթ փոքրագույն չափով,— որ գեթ մի փոքր
Շեղվել ենք ընթացքից նրա գործի։

Դահլիճը լուռ է:


Ո՛չ։ Այդպիսին չկա։ Ինչու՞։ Այս պարզ հարցին
Մի՛ պատասխան միայն կա ճշմարիտ։—
Մենք չե՞նք արդյոք, մենք չե՞նք, որ քառասուն տարի
Գործակցել ենք նրան, եղել նրա աջ ձեռքը,