Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուղեկիցը նրա անդավաճան,—
Եվ մեզ մոտ չի՞ միայն
Բեմադրել նա միշտ յուրաքանչյու՛ր իր երկը։
Միթե անհա՞յտ է ձեզ, որ առաջ,
Իր հանճարի փայլուն այգաբացին,
Նա տալիս էր երկերն իր նրա՛նց,
Որ հետո դավաճանեցին
Իր հանճարին անեղծ և իր գործին —
Եվ նա, խրատված այս փորձից,
Հիմնեց թատրոնը իր սեփական,—
Եվ առաջին օրից, մեր ուժերի չափով,
Ինչպես հայտնի է ձեզ, օգնել ենք մենք նրան։—
Հայտնի է ձեզ նաև, հանդիսականնե՛ր,
Այս ամենից բացի,
Որ նա թողել է մեզ իր այս վերջին երկի
Սևագիրը միայն։— Եվ բառացի՛,
Օ՜, բառացի՝ անգամ կարելի է ասել,
Որ անմշակ տեղերը կառուցելիս
Մենք աշխատել ենք ողջն այնպե՛ս հյուսել,
Որ հիմնականը մնա անփոփոխ.
Մեր մշակած տեքստում և ո՛չ մի տող
Չի պատկանում գրչին մեր ամբողջությամբ.—
Անցնելով երկի շարունակության
Մենք ո՛չ միայն մեկնել ենք հեղինակի ոգուց,
Այլև պահել ենք նույնությամբ
Անգամ գործող անձանց և դեպքերի հանգույցը։
Եվ դուք տեսաք արդեն թատրերգության երրորդ,
Նախավերջին արարը։— Նկատեցի՞ք արդյոք
Մի թերություն, փոքրիկ մի նրբություն թեկուզ,
Որ հակասեր մեր մեծ հեղինակի ոգուն։—
Նկատեցի՞ք արդյոք․— ասացե՛ք.—
Մեզ հարկավոր է ձեր
Անկողմնակալ խոսքը։