Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆՈՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Ո՛չ մի թերի չկար։— Հոյակա՜պ էր ամբողջը։
— Միանգամա՛յն բխում էր հեղինակի ոգուց։
— Հոյակապ էր երրորդ արարն առանձնապե՛ս։—

ՄԻ ԿԵՐԿԵՐՈԻՆ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Փոքրի՛կ թերություններ կային թեկուզ
Արարվածում երրորդ... փոքրիկ բացեր...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Այդ ձե՛զ է միայն թվացել,
Տարօրինակ դիտո՛ղ։— Ո՛չ մի պակաս չկար։—
Հոյակապ էր, փայլուն էր առանձնապես
Նախավերջին արարը։—

ՄԻ ԱՅԼ ԲԱՄԲ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Դեռ չէ՛ր փայլել երբեք հեղինակի հանճարը
Այքան վսեմ ու ջինջ պայծառությամբ։—

ՆՈԻՅՆ ԿԵՐԿԵՐՈԻՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ԱՆԿՅՈՒՆԻՑ


Սխալվո՛ւմ եք։— Եթե ուշադրությամբ
Դուք նայեիք՝ թերևս նախավերջին
Արարվածում... որոշ... թեև չնչին
Թերություններ, բացեր տեսնեիք դուք։

ՄԻ ԱՅԼ ԿԵՐԿԵՐՈԻՆ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Ճի՛շտ է ասում, օ, ճի՛շտ։— Ձեզ չի՞ թվում արդյոք,
Որ արարում երրորդ կային շինծու տեղեր,
Ինչ-որ անհարթ ոճեր... անհարթ տողեր...

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՄԻ ՀԱՆԴԻՍԱԿԱՆ


Ի՞նչ եք ասում... Իսկ ես, գիտե՞ք, գլխի չընկա...