Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Եվ սուլելով թեթև, արկածային մի երգ,
Անփույթ՝ նստում է նա իմ սեղանի վրա,
Նետում է ոտքը ոտքին,
Եվ պնդում է, թե ինքը հեղինակի մտքի
Հանճարափայլ ծնունդն է… Որ իր համար
Սահմանած է եղել մեր հեղինակն իբրև
Թատրերգության մեջ այս
Կենտրոնական մի դեր…

Դահլիճում ծիծաղ։


Եվ որ իբրև ջնջել է մի ինչ-որ մարդ
Կենտրոնական իր դերը թատրերգությունից,—
Եվ խոսքերով իր այդ,
Ինչպես տեսնում եք պարզ — ակնարկում է նա ինձ…

Դահլիճում անհանգիստ խլրտում։


Սավառնելով այսպես երազներում վերին
Սպառնում է նա մեզ և ակնարկում է պարզ,
Որ զրեկելով իրեն իր հոյակապ դերից —
Թատրերգությունը մենք դարձրել ենք… մի ֆարս…
Հասկանո՞ւմ եք․— այժմ է՛լ նա այնտեղ,
Մեր սենյակում նստած, վարագույրի ետևը,
Սուլում է ինքնագոհ և սպասում,
Որ դուք կանչեք նրան — և նա խաղա իր դերը…

Դահլիճում խուլ աղմուկ։


Բայց կա՞ արդյոք այստեղ, այս դահլիճում,
Խելքը գլխին մի մարդ, որ հավատա
Այդ պարոնի խոսքին, հերյուրանքին այդ սուտ,
Եվ չգտնի, որ զուր զրպարտություն է դա։
Ով ճանաչում է մեր հեղինակին, կամ ով
Հետևել է և խորը ուսումնասիրել
Հեղինակի երկերը հոյակապ —
Կծիծաղի անշուշտ այդ պարոնի վրա։—