— Էլ ի՞նչ հերոս… էլ ի՞նչ… թե որ չի…
— Չի՛ խանգարի տեսնել այնուհանդերձ նրան…
— Մանավանդ որ այն մարդը… այն տարիքոտն ասաց․
— Որ սեփական աչքով…— Չհավատա՛ք․
— Այդ ի՛նքն է հնարել…— Բայց ի՞նչ օգուտ ունի…
— Չե՞ք հասկանում — նրա՛ն հարվածելու համար…
— Ա՜ա՜ա՜… բայց ինչո՞ւ, ինչո՞ւ… չե՜մ հասկանում ոչինչ…
— Զարմանալի տգե՛տն եք.— նա ուրի՛շ
— Մի թատրոնի միջնորդ է…— Ի՞նչ եք ասում… ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
— Հերյուրա՛նք է…— Լուտա՛նք է...— Զրպարտություն է սո՛ւտ…
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Խորը ուշադրությամբ լսում է դահլիճի խոսակցությունները և առանձին բացագանչությունները։ Երբ հիմնականում նրա համար պարզվում է դահլիճի տրամադրությունը — նա մի քայլ առաջ է գալիս և դիմում է հանդիսականներին սառը, անվրդով ձայնով։
Հանդիսականնե՛ր։—
Դահլիճում տիրում է լռություն։
Ահավասիկ լսում եմ ես զրույցները ձեր,
Եվ նկատում եմ պարզ, որ մի-երկու
Հարգելի անձանց բացառությամբ —
Բոլորդ նո՛ւյնն եք ուզում,—
Այն է՝ որ մենք նրան անգամ ելույթ չտանք։—
Սակայն քանի որ նա, այդ ֆանտաստիկ պարոնը,
Սպասում է այնտեղ, վարագույրի ետևը,
Եվ մեզ խան-գա-րում է,
Եվ պահանջում է իր դերը,—
Թույլ տանք նրան՝ թող գա, և ասելիքն ասի։—