— Թող կորչի՛։— Պետք չէ՛։— ժամանակ չկա՛։—
— Շարունակեցե՛ք ներկայացումը…
— Ո՛չ, թող գա՛։— Թող գա՛։—
— Մենք պահանջո՜ւմ ենք…
— Թող գա՛ ու գնա՛։— Ի՞նչ կըկորցընենք։—
— Թերևս մի քիչ զվարճանանք է՛լ…
— Թե ինձ հարցընեք —
— Զուր ենք կորցնում մենք ժամանակը…
— Ախ, գալու է նա — հերոսը ի՛նքը…
— Էլի՞…— Չենք ուզո՛ւմ։— Թող գա՛։— Թող կորչի՛։—
— Կանչեցե՛ք, թող գա՛։— Չէ՛, հարկավոր չի՛…
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Արագ դառնալով դեպի վարագույրը, կրկնում է հաստատ, հրամայող շեշտով։
Է՜յ. ո՞վ կա այդտեղ, բեմի ետևում,
Կանչեցե՛ք նրան, թող գա՛, թող խոսի՛,—
Եվ տեսնենք, թե այս հանճարեղ դարում
Որքա՞ն է տևում
Կյանքը պաթետիկ, թղթե հերոսի…
Դահլիճը թնդում է զվարթ ծիծաղից։ Բեմի ետևից լսվում են ոտնաձայներ — և ահա բացվում է վարագույրի մեջտեղի ծալքը և դուրս է գալիս Հերոսը կամ Գլխավոր Անձը, որ մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, ասորական սև մորուքով և դերասանական երկար մազերով մի մարդ է՝ հագին սև, անթև անձրևանոց և գլխին սև, լայնեզր, թավշյա գլխարկ։