Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա խնդրեց անցնել սենյակն իր և անդ
Խնդրի էությունն ընդմիշտ ստուգել․..
Այսպես նա ասաց, այրե՛ր,— և դուք էլ
Իհարկե, իսկույն հավատացի՛ք այդ
Խորամանկամիտ պայմանին հմուտ...
Չե՞ք ենթադրում սակայն արդյոք դուք,
Որ կարող է այդ ձեռագիրը լոկ
Աղճատված, խուզած պատճենը լինել
Մեր հեղինակի երկի հանճարեղ...
Չե՞ք ենթադրում, որ հարկ է գոնե
Մեր մեծ Վարպետի անփոփոխ, անեղծ
Ձեռագիրը, կամ պատճենը ճարել...

Տնօրենին:

Ի՞նչ կասեք սրան, արգո Տնօրե՛ն։—

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Ո՛չ ձեռագիր է եղել ինչ—որ մեծ,
Եվ ո՛չ էլ կորել։—
Ո՛չ մի ձեռագիր, լսու՞մ եք, երբե՛ք
Ո՛չ կրճատել ենք և ո՛չ էլ փոխել։—
Երկու արարի ձեռագիրն է լոկ
Մեր հեղինակը թղթերում թողել —
Եվ նրա թողած ձեռագիրն — անեղծ,
Անխախտ վիճակում մենք բեմ ենք հանել:—

ՀԵՐՈՍԸ


Իսկ չկա՞ն արդյոք ձեռագրում այդ
Պակաս երեսներ, կամ արարվածներ՝
Կրճատված, կիսատ...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Օ, իհա՛րկե, կան։— Կիսից սկսած
Կան արարվածներ, անմշակ տեղեր։—