Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանճարեղագույն, հոյակապ երկից
Հանված է մի մեծ, կենտրոնական դեր —
Եվ ահա — առանց այդ կենտրոնական,
Գլխավոր անձի, կամ մեծ հերոսի —
Ողբերգությունը դարձել է մի սին,
Անօգնական ֆարս... Եվ պարզ չէ՞, որ մեր
Տնօրե՛նն է այդ ամենը արել...
Օ, ի՞նչպես, ի՞նչպես չեք հասկանում դուք,
Որ Տնօրե՛նն է աշխատել այդպես,
Որպեսզի այսօր դու՛րս շպրտի մեզ
Ողբերգությունից այս հերոսական —
Եվ դերը մեր վեհ ու անանձնական
Հանձնի անքանքար գործող անձերի...
Եվ ի՞նչպես, ի՞նչպես, տեսնելով երեք
Անիմաստ արար — օ, հարգելի՛ք, դուք
Ձեզ հարց չտվիք․— կարո՞ղ էր արդյոք
Մեր Վարպետը իր երկում հանճարեղ
Թույլ տալ այսպիսի թյուրիմացություն․․․
Կարող է՞ր արդյոք նման հոյակապ
Նյութ վերցընելով, մեր հանճարը նուրբ
Դեմքեր տալ՝ չնչին ու անդե՛մ այսքան,
Եվ քարակտերներ — այսքա՛ն դիմազուրկ․․․
Կարո՞ղ էր արդյոք նման վեհագույն
Եվ աշխարհացունց մի նյութ ընտրելով —
Իր ողջ պիեսում նա չտալ թեկուզ
Մի աչքի ընկնող պերսոն, կամ հերոս,
Որ իր հանճարով, գիտությամբ, խելքով,
Բնավորությամբ շիտակ ու արի —
Մի փոքր գոնե բարձրանար այդ հոծ
Բազմությունների անդեմ նախիրից․․․

Հերոսի այս խոսքերից հետո դահլիճում բարձրանում
է անասելի աղմուկ:— Բայց Տնօրենը կարգի է