Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրավիրում հանդիսականներին և դիմում է հերոսին սառը,
հեգնական տոնով:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Չլինի՞ այդ հենց ինքնե՛րդ եք այդ մեծ,
Այդ անզուգական հերոսը, պարո՛ն։—

Դահլիճը թնդում է քրքիջից:— Բայց հերոսը, չկորցնելով
իրեն, բացագանչում է պաթետիկ ձայնով:
ՀԵՐՈՍԸ


Օ՜, այո՛, այո՛,— հենց ե՛ս եմ, որ կամ․․․
Այդ ի՛նձ է ջնջել մի ձեռք պիեսից —
Եվ հեղինակի երկն հերոսական
Դարձրել մի ֆարս՝ անիմաստ ու սին․․․

   Ամբողջ դահլիճը կրկին թնդում է քրքիջից:— Եվ կրկին
   Տնօրենը կարգի է հրավիրում բոլորին և մի քայլ առաջ
   գալով ասում է հաստատուն, անայլայլ, անկիրք ձայնով,
   որի մեջ զգացվում է սակայն խորը, զուսպ,
   անդրդվելի մի պաթոս:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանդիսական այրե՛ր ողջախոհ։—
Ինչպես տեսնում եք դուք — դահլիճն ամբողջ
Թնդում է զվարթ քրքիջից․․․
Ակներև է, որ մեր հերոսն անկոչ —
Զվարճալի է քիչ...
Բայց քրքիջը թողնենք մենք մի կողմ
Եվ «հերոսին» մեր այս վերամբարձ
Տանք հասարակ մի հարց։—

Դառնալով Հերոսին:


Դուք որքան էլ այստեղ վերամբարձ,
Տասվանկանի չափով, մեր արխայիկ