Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարպետների հանգով բարբառեցիք վսեմ
Հերոսների մասին,— սակայն խնդրեմ ասե՛ք.—
Այդ ինչպիսի՞ արդյոք հերոսի,
Կամ գլխավոր անձի դեր է եղել երկում
Այդ միֆական ձեր դերը, որ մի երկու
Անհատներից բացի — ձեր բացակա լինելը
Չի նկատել ոչ—ո՛ք։— Ասացե՛ք։—

Հերոսը լուռ է


Ավելո՞րդ եք ուրեմն,— այնպես չէ՞։—
Հերոսը լուռ է: Դահլիճում ևս տիրել է մեռելային լռություն

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Վա՛յ, ինչ ճիշտ ասեց Տնօրենը մեր...
Բայց ի՞նչպես ի՛նքս չէի մտածել
Այդքան հասարակ, տարրական մի բան․․․

ՆՈՒՅՆ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆԸ


Սակայն, այնուհանդերձ, նա իսկակա՜ն
Հերոսի է նման, կամ գլխավոր անձի...

ՆՈՒՅՆ ԲԱՄԲ ՁԱՅՆԸ


Թե սիրում եք այդքան դուք նրան —
Գնացիք հետն — առանձի՛ն․․․

Զվարթ քրքիջ։
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանգստացե՛ք խնդրեմ։— Ուրեմն այսպե՛ս.—
Ինչպես տեսնում եք դուք՝ դահլիճն ամբողջ,
Մի—երկու մարդու բացառությամբ,
Համամիտ է, որ առանց ինքնակոչ
Հերոսների անգամ
Թատրերգությունը մեր — հիանալի մի երկ է։