Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չենք սովորել դեռ մեր յուրաքանչյուր բառին
140 Նայել սիրով այս վեհ, այս խստությամբ ազնիվ,—
Դժվար թե խոսքը մեր հորիզոններ վառե
Եվ բարձրացող, ելնող սերունդներին հասնի...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Հասել ենք մենք արդեն այն սահմանին, որից
145 Սկսվում է մի նոր ու դժվարին վերելք:—
Սին տենչերի փոշին մեր խոհերից քերենք
Ու ճանապարհ ընկնենք, մե՜ծ ճանապարհ, նորից։—
Ես տեսնում եմ հիմա տարիների հեռվում
Հորիզոններ՝ բազում փորձությունով հղի,
150 Հերոսություն, պայքար, և աննահանջ ուղի,
Որ մի՝ անգամ է լոկ մեզ աշխարհում տրվում։—
Ճանապարհին այս մեծ, այս վերելքին ահեղ
Մենք չե՛նք հոգնի երբեք, չենք կորցրնի ուղին,
Չկտրվենք եթե սերունդների հողից,
155 Սերունդների՝ աչքով թե մեր երթին նայենք...

Հիմա խոհերն են այս իմ ճակատին նստեր —
Ինձ այսպիսի՛ խոհեր ներշնչեցին նրանք,
Այն խստադեմ մարդիկ, որ կոփում են այստեղ,
160 Այս ցրտաշունչ հեռվում, չտեսնըված մի կյանք։—
Այն մկանուտ մարդիկ, որ պահանջկոտ են, լուրջ են,
Ինչպես այս գորշ Նեվան, այս աղջամուղջը,
Ինչպես տարիքը, հոգսը, ինչպես «վերին»
Իմպերատիվը սերունդների...
165 ․ ․ ․ ․ ․ ․ ․
1929․ <հոկտեմբեր> 16․ Լենինգրադ