Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հաճախ անխոցելի ճարտարությամբ,
Մանրակրկիտ, ինչպես հանելուկ,
Հրաշալի, ինչպես հարության
Զարմանալի լեգենդը — զարդարել են էջերը
30 Գրերով թռչնազարդ ու ծաղկապատկեր,—
Եվ դարձել է մռայլ միջնադարյան գիշերը
Նրանց աչքին ցնորք մի լուսակերտ։
Եվ տանջանքով իրենց ստեղծագործ ոգու
Կատարելով հրաշքը այդ սնամեջ —
35 Ճաշակել են նոքա բերկրությունը թաքուն,
Որ տալիս է խոնջենքը խոհերին մե՛ր։—
Եվ վերացած ոգու հիացմունքով անհո՛ւն այն,
Բավարարված այդ խուլ երջանկությամբ —
Թաքցրել են նոքա իրենց նվաստ անունը՝
40 Հավատալով հոգու անմահության...

Օ՜, միամիտ ճորտե՛ր, թեկուզ և հանճարեղ.—
Ահավասիկ ձեր հին ճարտարությամբ տարված՝
Մենք փորձում ենք ձեր հին անունները ճարել
Մատյաններում այս հին՝ ձեր ձեռքերով գրված։
45 Չե՛նք հավատում մենք ձեր հոգու անմահության,
Բայց գիտենք՝ գրքերն այս մագաղաթյա,
Որ գրել եք մի օր դուք խոնարհ տքնությամբ —
Դարձել են ձեզ համար — մահու՛ պատյան։—
Այս մատյանները հին, այս սնամեջ
50 Դամբարանները, որ ձեր հանճարեղ ձեռքով
Զարդարել եք մի օր դուք արվեստով անմեռ
Միջնադարյան մռայլ կամարների ներքո․․․