Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես դու — ես է՛լ աշխարհում այս
Ապրում եմ դարում հողմաշունչ,
Եվ երգերս խնդուն, ես խրում եմ
Հնի սիրտը, ինչպես մի դաշույն։

25 Ինչպես դու — ես է՛լ մտքերով իմ
Ապրում եմ գալիքում դեռ չեկած,
Եվ գնում եմ առաջ երգերո՛վ իմ՝
Դեռ գլուխս ներքև չթեքած։

Բայց ուղում իմ, որով ընթանում եմ —
Երջանիկ եմ ավելի, քան դու․
30 Օ, իմ դա՛րն է այսօր, որ տանում է
Ինձ դեպի խոյանք մի անդուլ։

Եվ գալիքը այն, որ, Հա՛յնե,
Մի ցնորք էր հեռու քեզ համար,—
35 Շողշողում է, ինչպես վաղորդայնը,
Եվ թնդում է շուրջս հիմա։

Բայց է՛լի ուղին իմ դժվար է
Եվ նման է ուղուն քո վերին...
Ինձ հետ է թեկուզ իմ դարը,
40 Բայց իմ դեմ է մարդը դեռ հին։—

Նա դեռ կա։— Այսօր է՛լ նա նստել է
Ինքնագոհ, կառչած իր բույնին,—
Եվ նա նո՛ւյնն է, նո՛ւյն ֆիլիստերը՝
Չնայած դիմակի գույնին։

45 Օ՜, պաշտում է այսօր նա գույնը,
Իսկ միջուկը — ատում է հոգով։
Նա ատում է սերը, քնքշությունը,
Իր հույզերը կապում է թոկով։