Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕՎԿԻԱՆԻ ԵՐԳԸ


Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Որպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, որպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի՛...

5 Ես հիշում եմ օվկիանը փոթորիկի ժամին.—
Օրորելով կրծքին անհուն ջրեր՝
Որոտում էր անդունդը — և ահռելի քամին
Մռնչալով երգում էր մի վայրի երգ։
Նրա երգում հնչում էր մի անսահման թախիծ,
Մի վիթխարի ոգու անափ կարոտ,
Որ օվկիանի հախուռն մթնշաղից
Խելագարված՝ կանչում էր անհուն սիրով։
Խելակորույս՝ կանչում էր անծայրածիր մի սիրտ,
Մռնչալով կանչում իր սիրուհուն,
15 Որ երգելով փախչում էր փոթորիկի միջից
Եվ թնդալով թռչում անծայր հեռուն։
Եվ հողմերի միջից շառաչելով փախչող
Իր սիրուհուն վսեմ չհասնելով երբեք —
Այդ ամեհի քամին, զարմանալի թախծոտ՝
20 Հեռուներում երգում էր հաղթական ե՛րգ...
Դա ամեհի պայքար էր ջրերի ու քամու,
Երկու իրար խանդող թշնամու սեր,—
Անհանգչելի, սիրո մի վիթխարի սամու՛մ,
Որ տալիս էր քամուն պայքարի երգ։