Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Դա հաղթական մի երգ էր անեզրական կրքի,
Հերոսական մի երգ անափ սիրո,—
Եվ հանձնըված սիրո այդ հաղթական երգին —
Այդ խոլ քամին թռչում էր դեպի գրոհ...

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
30 Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամում,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի։—

Այն կատաղի հողմի մթնշաղի միջից
Շառաչելով կանչող այն քամու պես —
35 Քեզ հրկիզեց կյանքում անեզրությամբ վերջին
Մի անսահման կարոտ, մի անափ սեր։
Նա քեզ ցնցեց, այդ սերը, ինչպես շաչող քամին
Ալիքներն էր ցնցում իր խոլ թափով,
Անցավ սրտից նա քո այս պայքարի ժամին,
40 Որպես երթի ելած ցասման թափոր։
Նա որպես շանթ՝ պայթեց քո խոհերի վրա,
Որպես կայծակ՝ շաչե՛ց հողմաշառաչ,—
Եվ լեռնացան խոհերըդ օվկիանի նման,
Եվ որոտաց քո սերը հողմահալած...

45 Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամում,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի։—

Այս անսահման սիրո անհանգչելի բոցում,
Այս պայքարում ահեղ, այս մարտում խոլ —
Թող կարծրանա՝ ոգիդ, որպես պողպատ դաշույն
Թող շողշողա՛, որպես հանճարեղ խոհ։
Քո մեջ եռա՝ թող նա, ինչպես անմար եռանդ,