Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարնըվում էին
Ափերին՝ ահեղ։
Նրանց որոտում
Թնդում էր երգը
Բազեի մասին։
Եվ դողում էին
Ժայռերը՝ նրանց
Հարվածներից գոռ
Եվ երգից նրանց․—
«Խոլ—խիզախների
Խենթությանը վեհ
Երգում ենք փա՜ռք մենք:
Խոլ—խիզախների
Խենթությունը վեհ —
Օ, ա՛յս է ահա
Կյանքի իմաստը...
Օ, քա՛ջ բազե,— դու
Կռվում՝ քո դաժան
Ոսոխների՛ դեմ
Եղար արնաքամ...
Բայց կգա օրը
Եվ քո արյունի
Վառ կաթիլները՝
Կայծերի նման՝
Կըբռընկվեն մեր
Կյանքի խավարում
Եվ բազմաթիվ քա՛ջ
Սրտեր կըվառեն
Ծարավով լույսի
Եվ ազատության։
Թեկուզ մեռար դու,
Բայց երգերում քաջ