Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ամբողջ հոգով խնդրում եմ, ո՜վ Մահ,—
Թույլ տուր, որ մեկ է՛լ համբուրեմ նրան»․..

Տարօրինակ էր զրույցն այս Մահին.
Ո՞վ է Մահվանից նման բան ուզում․..
Մտածեց՝ էլ գործ կըմնա՞ իրեն,
Թե չհամբուրվեն մարդիկ աշխարհում...

Եվ, տաքանալով արևի ներքո,
Մահն ասաց՝ մոտիկ կանչելով օձին,
— «Գնա՛, համբուրվի՛ր — և ե՛տ եկ շուտով,
Գիշերը՝ քո՛նն է, կըսպանեմ — լուսին»։

Եվ նստեց քարին։— Օձը ժանիքո՛վ իր
Մահվան գերանդին է լիզում։
Աղջիկը բախտից հեկեկում է,
Փնչում է Մահը․— «Դե գնա՛, դե՛, շու՛տ»։

IV


Գարնան արևով քնքուշ տաքացած,
Մահը արձակեց տրեխները հին,
Հենվեց չոր քարին — և խորը քնեց։
Եվ վատ մի երազ այցելեց Մահին։

Իբրև Կայենը, ծնողը նրա,
Իր թոռանթոռի՝ չար Հուդայի հետ,
Երկուսն էլ զառամ,— ելնում են լեռը,
Երկու իժի պես սողում են կամաց։

— «Տեր»,— հառաչում է մռայլ Կայենը,
Երկինք նայելով մարած աչքերով.