Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քիչ գնաց — մեկ էլ տեսնում է ահա.
Ցողապատ, դալար թավուտի ներքո
Նստած է, գարնան դիցուհու նման,
Աղջիկը՝ շաղած լուսնյակի ցոլքով։

Վաղ—գարնանային հողի պես տկլոր՝
Բացված է նրա կուրծքը անամոթ,
Եվ թավ, մետաքսյա մաշկի վրա, խոր,
Աստղերն են փայլում համբույրների տոթ։−

Աստղերի նման կուրծքն են զարդարում
Գիրգ ստինքների պտուկները հուր,—
Եվ, աստղերի պես, աչքերն են նայում
Վեր՝ Կաթն—Ծիրի ճամփեքին մաքուր։

Կապույտ ստվերներ աչքերի տակին,
Շրթերը — կարմիր վերքերի նման,
Գլուխը դրած նրա ծնկներին՝
Հոգնած, հագեցած՝ նիրհել է տղան։

Նայում է Մահը — և բոցը քենի
Մարում է դանդաղ իր դատարկ գանգում:
— «Եվայի նման այդ ի՞նչ ես էլի
Թաքնըվել աստծուց խոտի արանքում»։

Երկընքի նման մարմնով իր լուսեղ
Իր սիրած տղին ծածկելով Մահից —
Պատասխան տվեց Աղջիկը խիզախ.
− «Սպասի՛ր մի քիչ, դեռ մի՛ հայհոյի,
Աղմուկ մի՛ հանի, մի՛ դիպչի սրան,
Մի՛ հնչեցրու գերանդին քո սուր.
Կըգամ, կըմտնեմ իսկույն գերեզման —