Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ինչ-որ տարօրինակ և ծիծաղելի բան։ Ինչո՞ւ անպայման սարյակը, և ո՛չ կարմրակատարը, կամ խածկտիկը...

Զարմացած և վիրավորված թռչունները նայում էին սարյակին և մտածում. «Ինչ է լինելու հիմա»։

Բայց այստեղ մի հնարամիտ կարմրակատար հարցրեց սարյակին.

— Լսեցե՛ք, այդ դո՞ւք էիք հիմա երգում։

— Ե՛ս...— պատասխանեց սարյակը,— այո՛, այդ ե՛ս էի երգում։

— Հը՜մ... իսկ դուք ինչո՞վ այդ կապացուցեք:— Այսինքն՝ մենք, իհարկե, չենք կասկածում ձեր ընդունակություններին, բայց...

Սարյակը ցնցվեց, նրա փետուրները ցցվեցին, և նա երգեց.

Մեր ստեղծած սև գիշերվա մթնում
Անցնում են, թռչում գորշագորշ բուեր...
Եվ նրանց մռայլ աչքերն են փայլում
Ե՛վ չար, և՛ դաժան, և՛ բիրտ առավել...
Հնչում են հնչեղ ճիչերը նրանց,
Քրքջում են նրանք, հեծկլտում, լալիս,—
Անեծք են կարդում արևոտ օրվան,
Եվ ծիծաղում են գիշերը գալիս...
Եվ թե ընկնեին շղթաները հին
Ջահել պուրակի վրայից մի օր —
Վայրի բուերը կոչընչանային
Եվ վեհ բազեներ կըթռչեին նոր
Բայց բազեները — և թույլ, և՛ ուժատ,—
Մտել են մթին ձորերը ահով,
Եվ չարանում են անուժ, հուսահատ՝
Ուրիշի ուրախ ձայնը լսելով...