— Սպասեցե՛ք, թո՛ւյլ տվեք... Ես ձայն եմ խնդրում... Ձա՛յն տվեք ինձ...
Այդ ճչում էր փայտփորիկը կաղամախի գագաթից, և երբ նրան լսեցին, ապա իսկույն ձայն տվին նրան, որովհետև նա շատ բարձր էր գոռում։
— Հարգելի պ. պ․ և տ․ տ.— խոսեց փայտփորիկը։— Ներկայանում եմ․— ես —փայտփորիկն եմ։ Ես սնվում եմ ճիճուներով և սիրում եմ ճշմարտությունը, որին անշեղ կերպով ծառայում եմ և որը դրդում է ինձ ասել, որ ձեզ անամոթաբար խաբում են։ Բոլոր այդ երգերը և ֆրազները, որ դուք այստեղ լսեցիք, հարգելի պ․ պ․, ոչ այլ ինչ են, քան անամոթ սուտ, որը և ես այստեղ պատիվ կունենամ ապացուցելու փաստերով․․․ Այո, փաստերով, հարգելի պ․ պ․։ Իսկ հարցրեք պ․ Սարյակին, ո՞րտեղ են այն փաստերը, որոնցով նա կարողանար հաստատել այն, ինչ ասաց։ Այդպիսիք նա չունի, իսկ հենց դրա՛նք են հարկավոր նրան ավելի, քան ինձ. այդ փաստերն — ամե՛ն ինչ են, հարգելի պ․ պ․ — և մենք բոլորս ո՛չ այլ ինչ ենք, քան փոքրիկ փաստեր, որոնք հաստատում են բնության իմաստության և զորության վիթխարի փաստը, որին մենք պետք է ենթարկվենք, ինչպես զավակները ենթարկվում են մորը։
— Քննարկենք անաչառ կերպով․ ի՛նչ կա այնտեղ — առջևում, ուր կոչում է մեզ պ․ Սարյակը։ Դուք բոլորդ էլ թռել եք պուրակի ծայրը և գիտեք, որ նրանից անմիջապես հետո սկսվում է դաշտը, ամառը մերկ և արևահար, ձմեռը ծածկված սառը ձյունով․ այնտեղ, նրա եզերքին, կանգնած է գյուղը և նրանում ապրում է Գրիշկան, մի մարդ, որ պարապում է թռչնորսությամբ։ Ահա առաջին կայարանն «առաջ»-ի ճանապարհին, որի մասին այնքան շատ շաղակրատեց այստեղ պ․ Սարյակը:
— Ենթադրելով, որ մենք առաջ ենք ձգտում համաձայն