Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին ծերունուն, որովհետև նրա մեջ դեռ բավականին ուժ կար և կրակ, և նրա գուրգուրանքները շոյում էին և այրում, թեկուզ և նա ալեհեր էր, թեկուզ և նրա դեմքը ծածկված էր կնճիռներով,— ուժի մե՛ջ է գեղեցկությունը, և ո՛չ թե քնքուշ մաշկի, կամ այտերի կարմրության։

Խանին բոլորն էին սիրում, իսկ նա սիրում էր մի կազակուհու—լեհուհու Դնեպրի տափաստաններից, և միշտ գուրգուրում էր նրան ավելի սիրով, քան մյուս կիներին հարեմի, ուր կար երեք հարյուր կին զանազան երկրներից, և նրանք բոլորն էլ գեղեցիկ էին, ինչպես գարնանային ծաղիկներ, և նրանք բոլորն էլ լավ էին ապրում։ Շատ համեղ և քաղցր ուտելիք էր հրամայում պատրաստել խանը նրանց համար և միշտ թույլ էր տալիս նրանց, երբ կամենան, պարել, խաղալ.․.

Իսկ կազակուհուն նա հաճախ կանչում էր իր մոտ՝ աշտարակը, որտեղից երևում էր ծովը․ այնտեղ կազակուհու համար նա ուներ ամե՛ն բան, ինչ որ հարկավոր է կնոջը, որպեսզի նա ուրախ ապրի. քաղցր կերակուր և զանազան կտորներ, և ոսկի, և բոլոր գույների քարեր, և երաժշտություն, և հազվագյուտ թռչուններ հեռու երկրներից, և սիրահարի կրակե գգվանքներ։ Այդ աշտարակում նա հրճվում էր նրա հետ ամբողջ օրեր, հանգստանալով իր կյանքի վաստակներից և իմանալով, որ Ալհալլա որդին չի՛ ոտնահարի խանության փառքը՝ գայլի պես թափառելով ռուսական տափաստաններում և միշտ վերադառնալով այնտեղից հարուստ ավարով, նոր կանանցով, նոր փառքով, թողնելով այնտեղ, իր ետևից, սարսափ ու մոխիր, դիակներ և արյուն:

Մի անգամ վերադարձավ նա, Ալհալլան, ռուսների վրա կատարած ասպատակությունից, և շատ տոնական հանդեսներ սարքվեցին նրա պատվին, կղզու բոլոր