Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չնկատեց նա Ալհալլային և ալ շրթունքները մեկնեց խանին։

— Համբուրի՛ր ինձ, արծի՛վ։

— Հավաքվի՛ր․․․ կգնաս մեզ հետ, — կամացուկ ասաց խանը։

Այստեղ աղջիկը տեսավ Ալհալլային և արցունքները՝ իր արծվի աչքերում, և — խելոք էր նա — ամեն ինչ հասկացավ։

— Գալիս եմ,— ասաց նա։— Գալի՛ս եմ։— Ոչ սրան, ոչ նրան — այդպե՞ս որոշեցիք։ Հե՛նց այդպես էլ պետք որոշեն սրտով հզորները։ Գալի՛ս եմ։

Եվ նրանք լուռ, երեքով, գնացին դեպի ծովը։ Նեղ արահետներով էին գնում, աղմկում էր քամին, թունդ աղմկում...

Քնքուշ էր նա, աղջիկը, շուտով հոգնեց, բայց և հըպարտ էր — չէր ուզում նրանց այդ ասել։

Եվ երբ խանի որդին նկատեց, որ նա ետ է մնում իրենցից,— հարցրեց նա նրան․

— Վախենո՞ւմ ես։

Աղջիկը փայլատակեց նրա վրա իր աչքերը և ցույց տվեց արյունոտած ոտքը․․․

— Ե՛կ քեզ տանեմ,— ասաց Ալհալլան, ձեռքերը մեկնելով դեպի նա։ Բայց աղջիկը գրկեց իր ծեր արծվի պարանոցը։ Բարձրացրեց խանը նրան իր ձեռքերի վրա, ինչպես փետուր, և տարավ, իսկ աղջիկը, նստած նրա ձեռքերի վրա, հեռացնում էր ճյուղքերը նրա դեմքից, վախենալով, որ նրանք կմտնեն նրա աչքերը։ Երկար նրանք գնացին, և ահա հեռվում լսվում է ծովի աղմուկը։ Այստեղ Տոլայկը,— նա գնում էր նրանց ետևից, արահետով,— ասաց հորը։

— Թո՛ղ ինձ առաջ, եթե ոչ ես ուզում եմ դաշույնով խփել քո պարանոցին։

— Անցի՛ր, Ալլահը կհատուցե քո ցանկության համար,