Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ կներե — նրա կամքն է,— իսկ ես, քո հայրը, ներում եմ քեզ։ Ես գիտեմ՝ ի՛նչ է նշանակում սիրել։

Եվ ահա նա, ծովը, նրանց առջև, այնտեղ, ներքևը, խիտ, սև և անափ։ Խուլ երգում են նրա ալիքները ժայռի հենց ներքևից, և մութ է այնտեղ, ներքևում, և ցուրտ է, և սարսափելի։

— Գնաս բարո՜վ,— ասաց խանը, համբուրելով աղջկան։

— Գնաս բարո՜վ,— ասաց Ալհալլան և խոնարհվեց նրան։

Աղջիկը նայեց այնտեղ, ուր երգում էին ալիքները և ետ շրջվեց, սեղմելով ձեռքերը կրծքին։

— Ներեցե՛ք ինձ,— ասաց նա նրանց...

Պարզեց նրան ձեռքերն Ալհալլան և տնքաց, իսկ խանը վերցրեց նրան իր ձեռքերի վրա, ամուր սեղմեց կրծքին, համբուրեց, և, բարձրացնելով իր գլխից բարձրացնելով նետեց ժայռից։

Այնտեղ զարնվում և երգում էին ալիքները և այնքան աղմկալի էր, որ նրանք երկուսն էլ չլսեցին՝ ե՛րբ նա հասավ ջրին։ Ոչ ճիչ լսեցին, ոչինչ։ Խանը խոնարհվեց քարերի վրա և լուռ սկսեց նայել ներքև, խավարին ու հեռուն, ուր ծովը խառնվել էր ամպերին, որտեղից աղմկոտ լողում էին, ալիքների խուլ շառաչները և քամին էր թռչում տատանելով խանի ալեհեր մորուքը։ Տոլայկը կանգնել էր նրա գլխավերևը, դեմքը ձեռքերով ծածկած,— անշարժ և լուռ քար։ ժամանակն անցնում էր, երկնքով մեկը մյուսի ետևից լողում էին ամպերը, որոնց քշում էր քամին։ Մութ և ծանր էին նրանք, ինչպես մտքերը ծեր խանի, որ պառկած էր ծովի վերևը, բարձր ժայռի վրա։

— Գնա՛նք, հա՛յր,— ասաց Տոլայկը։