Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ որ պատահում է կյանքում —
Մենք պետք է տեսնենք ու լսենք,
Դրա համար էլ, աստուծու կամքով,
Աչքեր և ականջներ ունենք։

Այս ամենը — հար գաղտնիք կըմնար,
Այս մասին ո՞վ կասեր մեզ,—
Բայց — աջհամբույրի գումարում հանկարծ
Իննը կեղծ դրամ պատահեց...

Բայց երբ պատահում է, որ մեր աչքը
Չափից ավելի՛ է սուր —
Նշանակում է, որ Արարիչը
Մեզ չարչարել է ուզում։

Եվ ահա, բաշխելով այդ կեղծ դրամները
Իր հոտի ծուխերին աղքատ —
Աբբահայրը պատմեց այս քնքուշ բաները
Եվ տվեց մեզ — չքնաղ մի բալլադ։

Տանջալից են սրտի ցավերը
Եվ հաճախ — չի՛ք բուժում նրանց,—
Այնժամ զվարթուն հանաքո՛վ ենք
Մենք բուժում ցավերն այդ անանց։