Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արխիպովիչ Տարոշչենկոն (Չ-ի աշակերտական տարիների վերաբերյալ տե՛ս Ա. Փալանջյանի հուշերը,«Հիշողություններ Ե․Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 44—54)։

Չ-ի հոր՝ Աբգար Սողոմոնյանի մասին տեղեկություններ տե՛ս Երկերի սույն հրատարակության II հատորում, էջ 342։

Փողոցը... Երկու շարք միհարկանի տներ — Իր հայրենի քաղաքը՝ Կարսը, բնաշխարհով, արտաքին տեսքով, հարաբերություններով Չ—ը նկարագրել է «Երկիր Նայիրի» վեպում (տե՛ս Երկերի սույն հրատարակության V հատորը)։ Նովելի հաջորդ տողերում ակնարկվող այգին Կարսի քաղաքային այգին է։

Իր հանճարեղ Նվարդը... — Չ—ը վերհիշում է «Երեք երգ տխրադալուկ աղջկան» (թվագրված է 1913, Կարս) ստեղծագործության տրամադրությունները, նաև շարժառիթները. «Երեք երգ...»—ը լույս տեսավ 1914 թ. Կարսում, Աստղիկ Ղոնդախչյանին նվիրումով(մանրամասնությունները տե՛ս Երկերի սույն հրատարակության I հատորում, «Երեք երգ...»-ում և ծանոթագրություններում):

Դստերը Արփենիկ Չարենցին, նվիրած Երկերի օրինակի վրա Չ—ը մշակել է նովելի III գլուխը, կատարել է շտկումներ, ավելացրել է մի հատված․ սակայն, որքանով այդ շտկումները սևագրություն են, ջնջումներով և ուղղումներով, չկա Չ—ի «վերջնական տեքստ» հավաստումը (ինչպիսին կա մյուս դեպքերում), խմբագրությունը հարմար գտավ իբրև հիմնական տեքստ ներկայացնել Երկ բնագիրը, իսկ մշակումը որպես սևագիր տարբերակ բերվում է ստորև.

III


Երեկո էր արդեն, երբ նա, հոգնած,
Գիրքը դրեց մի կողմ։— Շուրջը նայեց —
Ամայի էր ալլեյը։— Հանճարներին վայել
Մի շարժումով շոյեց նա իր ճակատն հանկարծ —
Եվ քայլերը ուղղեց ալլեյից դուրս։
Այնտեղ, այգու դիմացը, կար մի փոքրիկ խանութ,
Որ վաճառում էր հաց։— Կես ֆունտ գնեց
Եվ գրպանում պահած՝ վերադարձավ կրկին
Նա ամայի ալլեյը։— Շուրջը նայեց —
Չէր երևում ոչ ոք։— Նա սպասեց մի քիչ» —
Եվ սկսեց ուտել գաղտագողի։— Մտքում
Երազվում էր դեռ նա, այն հանճարեղ գերմարդը։—