Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

․․․Հիսուսի առակին հակառակ — Ակնարկվող «առակը» սա է․ «Ասէ Յիսուս ցաշակերտուն, Ամէն ասեմ ձեզ զի դժուարւ մտցէ մեծատուն յարքայութիւն երկնից։ Դարձյալ ասեմ ձեզ․ Դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, քան մեծատան յարքայութիւն Աստուծոյ մտանել» (տե՛ս Աստվածաշունչ ըստ Մատթեոսի, գլ․ ԺԹ, 23—25)։

ԴԵՊԻ ԼՅԱՌԸ ՄԱՍԻՍ

(էջ 21)

Թվագրել է 1933․ II 20։

Նա դուրս եկավ տնից․․․— Խ․ Աբովյանը վերջին անգամ տնից դուրս է եկել 1848 թ․ ապրիլի 14-ին, վաղ առավոտյան և անհետացել։

...Այդ թերթերը դեղին... գրով գոթական — Անկասկած Չ-ը ծանոթ է եղել Աբովյանի ձեռագրերին․ նկարագրում է ճիշտ այնպես, ինչպես կան ու պահպանվում են։

Գրություններ՝ շեշտով խրատական...— Աբովյանագետ Պ. Հակոբյանի վկայությամբ Աբովյանին Դորպատ նման բովանդակությամբ նամակներ է գրել Մոսկվայի հայոց թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Սալլանթյանցը։

Մի փոքրիկ թերթ կապույտ...— Շարլոտա Շույլցի այս նամակը՝ կապույտ թղթի վրա, գոթական գրերով, մանրանկարներով զարդարված, պահպանվում է ԳԱԹ Աբովյանի ֆոնդում։

Երևանից մինչև այն եզերքը հասած — Խ. Աբովյանը Դորպատի համալսարանում ուսանել է 1830 թվից՝ շուրջ հինգ տարի։

Երկա՜ր, երկա՜ր նայեց նա տետրակին — Չ-ը հավաստի, ճշգրիտ մանրամասներով է նկարագրում «Վերք Հայաստանի» վեպի ձեռագրերը։ «Վերքի» մաքուր արտագրված ձեռագրի վրա պահպանվում են Աբովյանի ձեռքով թանաքով ուղղումներ, մյուս ձեռագիր տարբերակի վրա կան մատիտով ուղղումներ, որոնք դարձյալ Աբովյանինն են:

Թղթե չնչին նավակ կամ տաշեղ — Պ. Հակոբյանը հաստատում է, որ ծանոթագրվող պոեմի բոլոր մանրամասներն էլ հավաստի են, հավաստի է անգամ այս փաստը. Աբովյանը մանկության օրերին շատ է սիրել տաշեղներ գցել ջրերի վրա։