Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր խրոխտ, արծվային քթին ակնոցներ ուներ նա դրած — խոսքը վերաբերում է Գր. Արծրունուն (1845—1892)։

Պահել էր վիթխարի մի թերթ — «Մշակ» գրական-քաղաքական լրագիրը. հիմնել է Գր. Արծրունին 1872 թ., հրատարակվել է մինչև 1920 թ. Թիֆլիսում։

Հաջորդ տողերով ակնարկվում է Արծրունու և «Մշակի» ռուսական կողմնորոշումը։

Մեկը խաչ էր իր կրծքին կրում, մի ուրիշը...նավթի բուրմունք էր հանում — Այսինքն հոգևորականությունն ու բուրժուազիան։

...վարդապետ, մի նժդեհ, մոտ վաթսուն տարեկան — Նկատի ունի Մ. Խրիմյանին (Հայրիկ, 1830 — 1907), 1878 թ․ Բեռլինի մեծ տերությունների վեհաժողովը, որը, վավերացնելով Ռումինիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի անկախությունը, հայկական հարցը տեղադրեց օրենսդրության 61-րդ կետում, մատնելով անորոշության։ Վեհաժողովի հայկական պատվիրակության կազմում էր Խրիմյանը։

...պղնձյա բաշով մի առյուծ — Ակնարկում է հայության որոշ խավերի սպասելիքները Անգլիայից և այն, որ Անգլիան, դաշնակցելով Թուրքիայի հետ, Բեռլինի վեհաժողովում կապես գործում էր հայ ժողովրդի դեմ։

...մոգական մի թիվ — Բեռլինի վեհաժողովի օրենսդրության 61-րդ կետը։

Մոտենում էր... արշավանքը Արյան և Մահի — Այսինքն Առաջին համաշխարհային պատերազմը։

Սևահեր, թխադեմ մի այր — Նկատի ունի գրող, դաշնակցական գործիչ Ավետիս Ահարոնյանին (1866 — 1948)։

...քերթող մի ուրիշ, շինված էր կարծես նա մոմից...— Այս և հաջորդ քառատողերում Չ-ը բնութագրում է արևմտահայ պոեզիայի վերջին ներկայացուցիչների՝ Սիամանթոյի (1878—1915) և Վարուժանի (1884—1915) ստեղծագործությունը։

Եվ փողի նման լեգենդար — Ակնարկվում է քրիստոնեական ավանդության գաբրիելական փողը. Գաբրիել հրեշտակի փչած փողը, որով իբր հարություն են առնում մեռելները։

...երկնագույն մի լույս — Այս և հաջորդ տողերով Չ-ը նկատի ունի Հոկտեմբերյան հեղափոխությունը և Վ. Ի. Լենինին։