Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Համագումարի բացումից առաջ, երբ Գորկին հայտնվեց նախագահությունում, ես մի օրինակ այդ գրքից նվիրեցի նրան, ոչ որպես գրքի հեղինակի, այլ որպես համագումարի պատգամավորի:

Իր գրքերի շքեղ հրատարակություններ շատ էր տեսել Ալեքսեյ Մաքսիմովիչը, սակայն մեր նվերը շատ ուրախացրեց նրան: Նա երեխայի պես հուզվեց և գրկելով ինձ, սրտանց շնորհակալություն հայտնեց նվերի համար, ապա ցուցադրելով գիրքը իր մոտ կանգնած Լեոնիդ Լեոնովին և Վսեվոլոդ Իվանովին ասաց.

— Նայեցե՛ք, ի՛նչպես են հրատարակել իմ գիրքը Հայաստանում» (տե՛ս Վ. Ալազան, «Հուշեր», Երևան, 1960, էջ 68-69):

Մ. Գորկու հետ Չ-ը ծանոթացել է 1928 թ. հուլիսի վերջերին, Երևանում. այդ առթիվ Վ. Ալազանը գրում է. «Հրազդանի գեղատեսիլ ափին կառուցված Երևանի առաջին էլեկտրակայանն այդ ժամանակվա մեր շինարարության պարծանքներից մեկն էր համարվում, ուստի մենք շտապեցինք մեր թանկագին հյուրին (Գորկուն — կազմ.) առաջնորդել և այնտեղ։

Հիդրոկայանի առաջ նրան մոտեցավ Եղիշե Չարենցը և իր «Երկիր Նայիրի» վեպի ռուսերեն հրատարակության մի օրինակը՝ ջերմ մակագրությամբ նվիրեց մեծ գրողին։ Գորկին շնորհակալությամբ սեղմեց հայ մեծ բանաստեղծի ձեռքը և խոստացավ անպայման կարդալ «Երկիր Նայիրին» (տե՛ս նույն տեղը, էջ 60-61):