Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խարխուլ խուղե՛ր լոկ։— Ուղիով այս,
Որով թռչում է ահա օթոն,
Մի օր անցել է, գուցե ոտով,
Մի գանգուր պոետ հյուսիսեցի...
20 Նրա հանգո՛վ է, որ հյուսեցի
Ես է՛լ այս երգս, նվիրված քեզ,
Օ, վիթխարի՛ դու, օ, վե՛հ Զագէս։—

Հիմա այս ձորում, անհողդողդ՛-վեհ,
Կանգնած է Մարդը այդ չուգունե։—

25 Հասակը բարձր է։— Հպարտ կեցած,
Որպես մի քարե վիթխարի սյուն՝
Անհուն հայացքը սևեռած ցած՝
Պարզել է ձեռքը:— Ըմբոստ հոսում,
Խոսում է գետը ներքևում սև
30 Ու շրթունքներից թափում փրփուր։—
Այդ գետը ե՞րբ է արդյոք տեսել,
Որ մի մարդկային մոգական ձեռք
Իր վեհ ընթացքը կասեցընե։—
Առաջ անցնում էր այստեղից լուռ,
35 Որպես մի արքա դանդաղաքայլ,
Եվ անվրդով էր ու անայլայլ
Նրա ընթացքը։— Քանի՜ դարեր
Այդպես անցել է նա աներեր
Եվ կամքով իր կուռ ու վիթխարի
40 Քանդել խութերը ճանապարհի
Եվ իր ընթացքով արքայական
Սաստել ամբողջը։— Մի օր եկան,
Լցրին ափերը մարդիկ ինչ-ո՛ր,
Նրանց ընթացքը խորհրդավոր,
45 Տարօրինակ էր։— Ձեռքերին թուղթ,
Առած հետները ցցեր, կացին՝