Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլշևիկների «hորդայի» դեմ»,—
Թեկուզ կանգնած է ահա այնտեղ
55 Իր տրուբադուրը,— սակայն կրկին
Ճնշում է ահը։— Հեռուներից
Անդեմ սարսափ է մի արշավում,
Եվ մառախուղը պալատներին
Դժկամությամբ է արդեն նայում։—
60 Աճում է ահը։—

Այս կինը, տե՛ս,

Որ սրթսրթում է ահից այդպես,
Որի պրոֆիլը նման է հին
Մի հախճապակե մեդալյոնի,—
65 Ահա՛ այս կինը զինվոր է մի
Այն ամազոնյան բատալյոնի,
Որ հրացանը հիմա ձեռքին
Արհավիրքներից պիտի փրկի
Այս պալատները, ուր տարիներ
70 Զվարճացել է Կատարինեն...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Աճում է ահը։— . . . . . ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ Այնտեղ, հեռուն,
Այս առյուծներից մի փոքր անդին,
75 Ուր մառախուղն է դանդաղ քերում
Ամեհի պատերը սենատի,—
Այն անծայրածիր հրապարակում,
Ուր, կարծես հենց նոր լեռից պոկած,
Ընկել է ծանր մի հսկա քար
80 Ու վերից իր ձեռն է տարածում
Դեպի հեռուներն արքան այն մեծ,—
Այնտեղ ամբոխներ են խռնվել
Եվ, սուր սվիններ կոշտ ձեռներին՝
Դժկամ՝ նայում են պալատներին։