Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ձայնդ — վաղվա հավատով անմար —
50 Թնդում էր մարտի անպարտ դիրքերում:

Եվ այդպես ջահել, և այդպես խնդուն
Անցար դու ինձ հետ դաշտերով հրե,
Երգեցիր անխոնջ, երգեցիր անդուլ,
Երգեցիր անմար, անհուն եռանդով,
55 Մինչև դիրքերում մարտը դադարեց:

Իմ ե՛րգ, իմ քնա՛ր, օրերի միգում
Ինձ անդարձ տրված արևոտ իմ կին,—
Դու անկեղծ էիր ինձ հետ, ինչպես քույր.
Դու պայծառ էիր ու անչափ մաքուր—
60 Թքեցի սակայն ես մի օր դեմքիդ...

Դավաճանեցի մի գիշեր ես քեզ,
Ուզեցի ընտրել սիրուհի մի սառ,
Որ ինձ երկաթե երազներ երգեր
Եվ առանց սիրո ու առանց կրքի
65 Տաներ ինձ մի նոր, երկաթե աշխարհ:—

Քո պայծառ, մաքուր շունչը կենդանի
Ուզեցի փոխել ես բետոնի հետ,
Սիրտս դարձնել պողպատե անիվ,
Երես դարձնել անդարձ քեզանից
70 Եվ դառնալ անկիրք աշխարհի պոետ:—

Երեխայական մի խանդաղանքով
Ես Ի՛րն ընտրեցի իբրև հարսնացու,
Եվ երգս դարձավ անուժ ու անթով.
Եվ մոլորվեցի իրերի բանտում,
75 Եվ գլխիս իջավ մառախուղը ցուրտ:

Եվ, սիրտս կտրած մարդուց ու հողից.
Ես դեգերեցի անտուն ու անքուն,