Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԱԲԱՆ

Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն։ Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ։ Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,— ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա։

Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ ծանրանում է սրտիս, անողոք— ուտում է սիրտս։ Հաճախ պատկերանում է նա ինձ, որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո— օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ։ Երկա՜ր- երկա՜ր նայում։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ Մոռացե՞լ ես, — ասում է նա։ — Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում— կորչում է օրերում։ Հազա՜ր-հազա՜ ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ։ Լինում է, որ ես թերթ եմ կարդում, կամ ասենք, գնում եմ շուկա փայտ