Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա էր օգնող ձեռքը, որի որդին, եղբայրը, որը հենց ինքը։ Գնացել, տարել էին արդեն–Կաթոլիկի որդուն, նրա հարևան Կարապետյանի, Մարտիրոսյանի ու հազար ու մի անհայտ «յան»֊երի որդիներին, եղբորը, իրան։ Հերթի էին հենց իրենք — պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը, սա, նա, մյուսը, ո՞րը թվես։ Արդեն ամեն առավոտ երևում էին պատերի վրա — պատերի վրա փակցնում էին արդեն ինչ֊որ անհայտ ձեռքեր սպիտակ հրամաններ: Կանչում էին թղթերի վրայից, պատերի վրայից, կանչում էին սպիտակ հրամանները — սրան, երկրորդին, հարյուրին. կանչում էին դեպի Հինգհարկանի Շենքը: Գալիս, թափվում էին արդեն ամեն առավոտ, լցնում էին փողոցներն ու մեյդանը — պատանի, երիտասարդ, տարիքոտ տրեխավորներ. շրջանի գյուղերից դալիս հավաքվում էին Հինգհարկանի Շինության առաջ։ Գնում էին այդտեղից — կայարան. խմբերով, գնում էին կայարան։ Կանգնում էր, երկար ու կարմիր, ապրանքատար գնացքը. կանգնում էր կայարանից բավականին հեռու դեպոյի մոտերքը։ Տրեխավոր մարդիկ լցվում էին մեջը թափվում էին մեկը մեկի վրա, ինչպես ձկները տակառում։ Սուլում էր շոգեմեքենան, սուր, խեղդամահ արվող անասունի նման, սուլում էր սուլոցը շոգեկառքի։ Տրեխավոր մարդիկ բոռում էին անիմաստ, տրեխավոր երիտասարդները երգում էին պառավաձայն. —

«Տա՜ — նը՜ը՜ը՜ — մե՛ն — ադե՛ ջան—տա՜ա՜—նը՜ը՜ը՜—մե՜ ՜ե ՜ե՜ն...»: Իսկ, մյուս կողմից, գալիս էին գնացքներ, ամեն օր, ամեն գիշեր գալիս էին գնացքներ անհայտ հեռուներից դեպի նայիրյան այդ քաղաքը։ Ու լցվում էր քաղաքը զինվորներով լցվում էր քաղաքը