Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի անգամ, իր անպետք դագաղներից ու հրեշտակներից ձանձրացած, Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց, ըստ սովորության մի ձեռք դոմինո խաղալու, Մեռելի Ենոքը, բայց մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ, որ Քոռ Արութը սրճարանում չկա։ Կարծեց թե դուրս է գնացել, սպասեց, սպասեց— բան դուրս չեկավ. Քոռ Արութը չկար։ Տելեֆոն Սեթոն էլ, դե, առաջվանը չէր. նրա սրճարանը ավելի քան լիքն էր լինում հիմա. դժվարանում էր հարցնի։ Վատ զգաց իրեն Մեռելի Ենոքը, սիրտը պայթում էր սրտմտությունից, այնպես որ չկարողացավ համբերել, մոտեցավ հարցրեց։ «Գործի եմ դրե վակզըլի մեյդանը» — եղավ Տելեֆոն Սեթոյի պատասխանը. «չայ կծախե'»': Չհասկացավ առաջին վայրկյանին Մեռելի Ենոքը, բայց մտաբերեց կայարանը, հիշեց. հիշեց վակզալի մեյդանը: Սուսուփուս դուրս եկավ Սեթոյի սրճարանից ու շտապ քայլերով դիմեց կայարան։ Գնում էր, խոշոր քայլերով, հևիհև վազում էր փողոցի մեջտեղից Մեռելի Ենոքը. հրում էին նրան, հայհոյում էին երբեմն, երբ դիպչում էր նրանց, բայց ուշադրություն չէր դարձնում. գնում էր գլուխը կախ և ձեռքերը թափահարելով։ Երկար, սև, խունացած չուխի առանց այդ էլ բորբոսնած փեշերը քսվում էին փողոցի փոշուն, ավլում էին փողոցը. նա գնում էր անկանգ, Լիր Արքայի նման սրտում դառնություն ու կսկիծ՝ Մեռելի Ենոքը գնում էր կայարան։ Վերջապես նա հասավ կայարան և ն՛որ գլխի ընկավ կարծես, որ նրա դիմացը գտնվող նախկին ամայի տարածությունը դարձել է արդեն— բազար, դարձել է, ինչպես Տելեֆոն Սեթոն հորջորջեց— ««Վակզըլի մեյդան»»: Նույն խոշոր քայլերով