Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևում, անխուսափելի, անշոշափելի է ինքը, որպես հրաշք, հրաշք է, չես հասկանում. սարսափելի գաղտնիք. — զարմանալի զարմանք,.. Ահա թե ինչ է «Ընկերությունը» որպես «Կենտրոն», որպես, ինչպես ընկ. Վառոդյանն է շատ հաջող բնորոշում՝ «Գերկենտրոն», սիրելի ընթերցող։ Բայց ես դեռ ամենազարմանալին, ամենագլխավորը չասի, վախեցա չհավատաս։ Բայց ի՞նչ կասես փաստերին աչքի առաջ են փաստերը. փաստերը պերճախոս։ Բանն այն է, սիրելի ընթերցող, որ այդ Ուղեղասարդը ո՛ր վայրկյանին ուզենա՝ կարող է քաշել դեպի ինքը, գործողության դնել, շարժել, ինչպես որ կամենա, տիեզերական իր ոստայնը, ոստայնի թելը՛ ամեն մի, ամեն մի ամենահեռավոր թեյիկը, թելիկի ծայրը, ծայրի ծայրածիրը… Ահա՛ թե ինչ։ Երևակայու՞մ եք՝ այնտեղ, իր անհայտ տեղում, սենյակում իր նստած՝ սարդային այդ ուղեղը, կամ ուղեղային այդ սարդը կարող է շարժել, մի փոքր ձգել, տատանել Հազարերորդ իր ճանկը, ճանկի ամենածայրը, — և ահա Նյու-Յորքում այսինչ-այնինչ թելիկները, թելիկային մարդիկ, կանեն, ինչ որ ինքը, Կենտրոնը կամենա, Կենտրոնաուղեղասարդը ուզե... Կշարժե նա, Կենտրոնաուղեղասարդը, իր հազար և մեկերորդ Թելիկը — և ահա ծնվում, Եվրոպի մեջտեղում, նայիրատառ «Դրոշակի» վրա կշարվեն, ահեղամռունչ, գահակործան կոչեր... Բայց դա՛ էլ դեռ ոչինչ. դեռ ամենաաներևակայելին կա, ամենահրաշանմանը։ Ընտանեկան հարկում, կնոջդ, երեխաներիդ, քրոջդ կամ մորդ հետ նստած քեզ համար թեյ էիր խմում, կամ ճաշում, կամ ընթրում էիր դու, սիրելի ընթերցող, երբ քսանհինգ տարի առաջ, գեղեցիկ մի օր շարժեց իր ամենաբարակ ճանկը,ճանկի ամենածայրը