Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նման... այո՛։ Ավելի քան ճշմարիտ կլինի կարծել, որ պ. Մարուքեի հենց այդ չնչինությանը, այդ ոչնչությանը պետք է վերագրել այն, այլապես միանգամայն անհասկանալի, հանգամանքը, որ նա մնում էր անպատիժ, և նույնիսկ շարունակում էր նայիրյան այդ քաղաքում իր աննշան ծանրությամբ աննշան տատանումներ պատճառել Կենտրոնաուղեղասարդի թելիկներից ամենաթելիկին— ընկ. Վառոդյանին: Բայց ընկ. Վառոդյանն էլ հո գիտե՛ր իր գործը. օ, նա շատ սքանչելի էր տիրապետել թելիկատատանման նրբագույն արվեստին. այդ բանում խրատական նշանակություն էր ունեցել ընկ. Վառոդյանի համար իր կարճատև մտերմությունը հանգուցյալ ընկ. Կարոյի հետ, այն տարաբախտ ընկ. Կարոյի, որ այնպես վաղաժամ, ինչպես ընթերցողին հայտնի է արդեն վեպիս առաջին մասից, զոհ գնաց Վարդանի կամուրջի, այսինքն նրա դիմացը գտնվող աննշան խրճիթի պայթման դեպքին: Նրանից, այո՛, ընկ. Կարոյից էր առաջին անգամ, իր հեղափոխական գործունեության վաղ արշալույսին, առաջին հրահանգներն ստացել ընկեր Վառոդյանը։ Նրանից էր ստացել առաջին անգամ ընկ. Վառոդյանը և հեղափոխական ընդվզումի կարմիր ավետարանը — «Ամբոխային տրամաբանությունը»: Կարծում ենք, ավելորդ է վերստին հիշատակել և այն ճակատագրական դասը, որ իբր հերոսական կռնակի վրա, «շոմպոլի» կապո՜ւյտ-կապո՜ւյտ հետքերի ձևով, ստացել էր ընկ. Վառոդյանը «Դառնության Կենտրոնից»: Այսպիսի պատկառելի հեղափոխական անցյալից հետո դժվար Էր, իհարկե, գործ ունենալ ընկ. Վառոդյանի հետ, մանավանդ որ վերջերս նա կամաց-կամաց ավելի և