Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ի՞նչ էր որ. նա իսկի էլ կարծես գոյություն ունենալիս չլիներ առաջներում։ Ինչքա՜ն, ինչքա՜ն էր պատահել, երբ նա, ընկ. Վառոդյանը, կարծես թե պատահմամբ, մտել էր Մազութի Համոյի գրասենյակը, երբ այնտեղ «նիստի» են նստած եղել Տեղական Կոմիտեի «Երեքը». և ի՞նչ. պատահում էր հետևյալը. նա, ընկ. Վառոդյանը, հազիվ էր կարողանում գլուխը ներս խոթել, երբ բժիշկը, և միշտ այդ մեծամիտ բժիշկը, բարձրացնում էր քիթը վեր, հոտոտում էր օդը՝ նայելով ընկ. Վառոդյանի դեմքին, և— «ներողություն»— ասում էր բժիշկը կիսաժպիտ, որից հետո զսպանակի նման դռնից դուրս էր թռչում ընկ. Վառոդյանի գլուխը ու մնում էր դռան, փակ դռան ետևում՝ որսորդական բարակի նման ներսի շշուկներին ունկնդիր։ Այսպես էր, այո՛, առաջներու., բայց հետո... Հետո ընկ. Վառոդյանը դարձավ նշանավոր գործիչ, պատկառելի անձնավորություն, և շա՜տ, շատ անգամներ առիթ ունեցան բժիշկ Սերգե Կասպարիչը և հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը նրա ընդունարանի առաջ հերթի սպասելու...

Բայց ների՛ր, ընթերցող, որ ես պատմությանս թելը բավականին խճճեցի, թեկուզ, գիտե՞ս, նայիրյան այդ քաղաքի այն նշանավոր օրերի պատմությունը գրողը հիմա, ուզած-չուզած, պիաի զգա իրեն այն դժբախտ երեխայի դերում, որը, ինչպես այդ հաճախ տեղի էր ունենում հենց նույն այդ քաղաքի երեխաների կենցաղում, գետում լողանալուց հետո ուզում է հագնվել, բայց գտնում է շապիկի թևերը թրջած և այնպես պինդ հանգուցած, որ սատանան ինքը կդժվարանա արձակել. նա գիտե, նա