Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետաքրքիր «հող» էր՝ հասարակական տրամադրությոլններ շոշափելու համար... «Հետաքրքիր նորություններ»— ասաց ընկ. Վառոդյանը, այնպես, ի միջի այլոց, պ. Մարուքեին։— «Բավականին հետաքրքիր...»:

«Հը՞» — ակնոցների տակից վեր, ընկ. Վառոդյանին նայեց պ. Մարուքեն. — «Ի՞նչ կա»:

Ընկ. Վառոդյանը ժպտաց։ Ու հազաց հետո, ձեռքը շրթունքներին տանելով. «Ըհը՛, ըհը՛, ըհը՛», — ճիշտ և ճիշտ Սերգե Կասպարիչի նման։

Պ. Մարուքեն բարկացավ.

«— Մի բան գիտես— ասա՝ ի՞նչ ես պոչդ գետնովը տալիս»:

Ընկ. Վառոդյանը շիկնեց. աչքերից արյուն կաթեց ընկ. Վառոդյանի. —

« — Յոթ օրից էրզրում կլինենք» — պայթեց ռումբի նման, կրկնելով Մազութի Համոյի խոսքերը, ընկ. Վառոդյանը պ. Դրաստամատյանի գլխին, ու նայեց նրան, հաղթական:

Նայեց, նայեց նրան, արհամարհանքը ակնոցների տակից դառը պսպղացնելով, պ. Մարուքեն. — «Իդիո՛տ» — կարծես թքեց, կարծես ձգեց, ծանր մահակի նման, ընկ. Վառոդյանի դեմքին պ. Մարուքեն, ու շուռ տվեց դեմքը. աջ ուսը ցնցելով հեռացավ։

Նա գիտեր, քչերից մեկն էր պ. Մարուքեն նայիրյան այդ քաղաքում, որ թերթեր էր կարդում,— կարդացել էր արդեն պ. Մարուքեն, որ արդեն, արդեն՝ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին։ Եվ, երևակայո՞ւմ եք— դժգոհ էր դրանից։ Տարօրինակ, այո, զարմանալի մարդ էր այդ պ. Դրաստամատյանը, և ինչքան էլ նրան, խորին