Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն չվերաբերող մի խնդրի, — Տաճկաստանին հայտնած պատերազմից դժգոհելու, բայց մի բան պարզ էր ինքնըստինքյան. այդ այն է, որ պ. Մարուքեն նկատել էր, որ արդեն շարժվում է «Ընկերությունը»,— և սա՛ էր, ամենից առաջ, նրա դժգոհելու, պատճառներից մեկը։ Ո՛չ անարխիստ, ո՛չ բան: Նա, պ. Մարուքեն, իրեն միայն հայտնի պատճառներից դրդված, դեմ էր «Ընկերությանը», այսինքն, կոնկրետ ասած՝ տեղական «երեքին» ու նրա արբանյակներին. նրանք սև ասեին, պ. Մարուքեն կասեր՝ սպիտակ· նրանք հա ասեին պ. Մարուքեն կասեր՝ չէ: Եվ այսպես – ամեն ինչում, այսպես էլ հիմա։ Արդեն խոսում էին քաղաքում, արդեն շշնջում էին, խորհրդավոր, զանազան բերաններ· Արդեն տալիս էին հայտնի անուններ... Անհամբերությամբ սպասում էին այդ ըղձալի օրվան, այս ըղձալի օրը, ինչպես ընկ. Վառոդյանն էր ասում քաղաքային այգում ծանոթ օրիորդներին, պիտի բանար իրենց՝ Նայիրիի առաջ ըղձա՛լի հորիզոններ: Դեռ երեկ, դեռ առաջին օրը, այգու ակումբում պարծենում էր, «ագռավի աղջիկը» սեղանին խփելով, Կինտաուրի Սիմոնը, որ «կամավոր կգնա»: Հասկանում էր, իհարկե, զգում էր արդեն պ. Մարուքեն, որ շուտով «պարը կսկսվի» և գլխապտույտ կգնա. հասկանում էր և, դժգոհելով, սպասում։ Իսկ հիմա ահա, ընկ. Վառոդյանին հանդիպելուց հետո, հասկացավ, զգաց պ. Դրաստամատյանը, որ արդեն գլորվել է քարը– և քթի տակ, դժգոհ, փնթփնթալով քաղաքային այգու ակումբը գնաց պ· Մարուքեն, մտածելով, որ այնտեղ, երևի, ամե ինչ կիմանա։