Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազարամյա — ազատ Նայիրին»: Այս իմաստով ահա խոսում էր, բավականին հուզված, Մազութի Համոն, բայց ահա նրա ձայնը բարձրացավ, ձեռքը վեր մեկնվեց և աչքերը վառվեցին. նա, ինչպես երևում էր, վերջացնում էր ճառը.— «Ամեն ոք մեզանից պարտավոր է օգնել, ինչով որ կարող է, այսօր, ես չեմ կասկածում»,— վերջացրեց խոսքը Մազութի Համոն,— «որ մեր հաղթապանծ զորքերը մի շաբաթից հետո էրզրում կմտնեն»: Այսպես վերջացրեց իր ճառը Մազութի Համոն — և նորից թնդաց երաժշտությունը՝ հասարակությունը ոռնաց։ Ոգևորության հենց այս ծայրահեղ վայրկյանից հետո էր ահա, որ տեղի ունեցավ անսպասելի, աներևակայելի, անթույլատրելի մի բան.— երևակայո՞ւմ եք՝ պ. Մարուքեն, այդ «ախմախ անասունը», որպիսի հորջորջում տվեց նրան, դեպքը կատարվելուց հետո, Գեներալ Ալոջը,— այդ ողորմելի պ. Մարուքեն ահա, իր կանգնած տեղից, հենց որ Մազութի Համոն իր խոսքը վերջացրեց — «Իդիոտ»— բացագանչեց, ինչքան որ ձայն ուներ, Համո Համբարձումովիչի հասցեին. տիրեց մեռելային լռություն՝ ապշանք, էլեկտրական լարում։— «Բայց»—իջավ, չոր, հնչուն՝ շխկալով ընկավ ընկ. Վառոդյանի ապտակը պ. Մարուքեի այտին։ Պ. Աբոմարշը շտապեց ոտքի մի խրատական հարվածով օգնության հասնել ընկ. Վառոդյանին։ Պ. Մարուքեն, երեսնիվայր ընկավ. ակնոցը, պսպղուն, թռավ մի կողմ։ «Հարբած է»— հայտնեց Սերգե Կասպարիչը, դեպքի տեղը հասնելով։ «Հարբած է»— հաստատեց ընկ. Վառոդյանը.— « պետք է ոստիկանատուն ուղարկել, որ աչքի բերեն»: Ու պատմեց, որպես ապացույց, ընկ. Վառոդյանը, որ նույնը, բառացի, կետ