Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամ առաջ ասաց իրեն, փողոցում, առանց որևէ առիթի, պ. Մարուքեն։

Պ. Մարուքեին տարան ոստիկանատուն

:


Չգիտեմ, հարբած էր թե չէ պ. Մարուքեն, բայց մի բավականին հավաստի աղբյուրից ես հետո տեղեկացա, որ, ճիշտ որ, ինչպես այդ հավաստի աղբյուրն էր ինձ տեղեկացնում— պ. Մարուքեն հարբած էր եղել։ Նույնն էր հաստատում և Բոչկա Նիկոլայը հետո, պատմելով, որ այդ օրը, դեպքը պատահելուց երկու ժամ, մոտավորապես, առաջ պ. Մարուքեն իրա, Բոչկա նիկոլայի դախլի դիմացը կանգնած՝ գլուխն է քաշել «մե բոթիլ սմիրնովկա»— դառնահամ օղի։ Բայց այս դեպքում արժեքավոր է, իհարկե, ոչ այնքան Բոչկա Նիկոլայի ցուցմունքը, մանավանդ որ օղու նրա հիշատակած քանակը դժվար թե ընդունակ լիներ «խելքից հանելու» պ. Մարուքեին,— որքան, այո՛, վերևում հիշած «հավաստի աղբյուրի» ցուցմունքը, որովհետև... Բայց այս ենթադրությունս հիմնավորելու համար նախ և առաջ հարկավոր է ասել, թե ի՞նչ «աղբյուր» էր այդ, որին կարելի էր հավատ ընծայել— և այն էլ այնպիսի մի նուրբ և անհասկանալի հարցում, որպիսին էր պ. Մարուքեի վարմունքը պատմական այն ահավոր, այն նշանակալից վայրկյանին։ Այդ «աղբյուրը», դե, մի մարդ էր, երեսունին մոտիկ մի երիտասարդ նայիրցի, որը վերջին օրերս էր միայն երևացել նայիրյան այդ քաղաքում, բայց որին ճանաչում էին տեղացիք նրա մանկությունից. ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչի մորեղբոր որդին էր դա— Կարո Դարայանը, որին յոթ-ութ տպրեկան հասակից Մոսկվա, Լազարյան ճեմարանն էր