Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղարկել Արամ Անտոնիչը, սրա խնամքին էր մնացել, ծնողների մահվանից հետո, դեռ մանուկ հասակից Կարո Դարայանը։ Արամ Անտոնիչը նրան Մոսկվա ուղարկելով հասել էր երկու նպատակի միանգամից. նախ՝ ազատվել էր նրա հոգսից, երկրորդ իր վերջին պարտքը դրանով հատուցած էր համարել իր ազգակցի հիշատակին։ Ինչպես որ գնացել էր Մոսկվա Կարո Դարայանը— այնպես էլ մնացել էր այնտեղ մինչև ավարտելը, որից հետո ևս, թեկուզ տեղափոխվել էր Կովկաս— Բաքու, բայց չէր երևացել հայրենի քաղաքում, չնայած Արամ Անտոնիչի հաճախակի խնդրանքներին։ Արամ Անտոնիչը, մանավանդ երբ Դարայանը վերջացրեց դպրոցը, երբ արդեն վերացած էր համարում ամեն մի հոգատարության խնդիր մորեղբոր որդու նկատմամբ, շատ էր ցանկանում նրրան իր մոտ տեսնել, գուցե հենց նրա համար միայն, որ, ինչպես ասում էր նա հաճախ Գեներալ Ալոշին, «ցանկանում էր իր ազնվության պտուղը մոտիկից ճաշակել»: Բայց հետո, Կարո Դարայանի Բաքու գալուց մի քանի ժամանակ անց. Արամ Անտոնիչը դադարեց հանկարծ իր «ազնվության պտուղի» մասին առհասարակ խոսելուց, իսկ երբ, լինում էր, հիշեցնում էին նրան իր «սանիկի» մասին— Արամ Անտոնիչը թթու դեմք էր շինում. Արամ Անտոնիչը ծամծմում էր զրույցը։ Գեներալ Ալոշը սկզբում չէր հասկանում, ավելի շուտ՝ չէր իմանում բանի եղելություն.բայց հետո նա իմացավ, և ահա բանը մինչև այնտեղ հասավ, որ Արամ Անտոնիչը մի գեղեցիկ օր էլ վերցրեց գրեց իր սանիկին, որը, ի դեպս, համարյա թե չէր էլ պատասխանում իր «բարերարի» նամակներին և ո՛չ