Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի նշան չէր էլ ցույց տալիս այդ կողմերը երևալու,— Արամ Անտոնիչը, ինչպես ասացինք, վերցրեց գրեց Կարո Դարայանին, որ չլինի թե վերջինս իր աչքին երևա. իսկ եթե պատահի գալու լինի հայրենի քաղաքը— չլինի թե մտաբերե իր քեռու բնակարանը. քեռու բնակարանը «փուչ» սանիկի համար փակված կլինի։ Այսպես էր գրել իր մորեղբոր որդուն Արամ Անտոնիչը իր վերջին նամակում— և ահա, այդ նամակը գրելուց երկու ամիս անց, որտեղից֊որտեղ, մեր պատմած դեպքերի նախօրյակին, մի գեղեցիկ առավոտ եկավ Կարո Դարայանը նայիրյան այդ քաղաքը և կառքը կանգնեցրեց... ճիշտ պ. Մարուքեի բնակարանի առաջ: Այս վերջին հանգամանքը խիստ զարմանալի թվաց ոչ այնքան քաղաքացիների, որքան իրա— Արամ Անտոնիչի աչքին. բանն այն է, որ, ճիշտ է, Մոսկվա գնալուց առաջ երկու երեխաներ, ավելի լավ է ասել՝ երկու փողոցային խաղընկերներ, թեպետև ճանաչելիս լինեին իրար՝ պ. Մարուքեն և Կարո Դարայանը, բայց չէ՞ որ դրանից հետո այնքան էր ջուր հոսել, և այն էլ տարբեր հուներով, որ ոչ մի հնարավորություն, թվում է թե, չպիտի մնար նրանց մտերմանալուն։ Դրանից հետո պ. Մարուքեն, ինչպես գիտենք, տեղական քաղաքային յոթնամյա դպրոցն էր ընկել, որից հետո, չգիտենք թե ի՞նչ զարմանալի հրաշքով, եղել էր Բեռլինում, այնինչ Կարո Դարայանը գնացել էր Մոսկվա, ապա Բաքու, այնպես որ ո՛չ մի առիթ, ո՛չ մի հնարավորություն, թվում է թե, չեն ունեցել իրար հանդիպելու— և հանկար... Կարո Դարայանը վերադառնում է այդ քաղաքը և կայարանից քշում է ուղի՛ղ պ. Մարուքեի բնակարանը,