Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուրջը այժմ լսվում էին «երեք ու կես», «հինգ»,«հավասար» բացագանչությունները որոնք փոխաբերաբար հասկացվում էին, որպես հարյուրի ու հազարի հետ առնչություն ունեցող գումարներ։ Երկրորդ աչքի ընկնող փոփոխությունը, որ առանձնապես դուր էր գալիս Սերգե Կասպարիչին, այն էր, որ նոր, միանգամայն «թարմ» մարդիկ էին սկսել հաճախել քաղաքային ակումբը, ըստ մեծի մասի երիտասարդ սպաներ, որոնք շատ շուտ ընտելանում էին բժշկին և, նրանից հետո, մնացած շրջանին՝ Օսեփ Նարիմանովին, Գեներալ Ալոշին, Արամ Անտոնիչին և մյուսներին. ես դիտմամբ առաջին հերթին չտվի Համո Համբարձումովիչի անունը, որովհետև նա թեկուզև չէր դադարել ակումբ հաճախել, բայց երևում էր կանաչ սեղանի շուրջը ոչ պարբերաբար, ինչպես առաջ, այլ երբեմն-երբեմն, և այն էլ երեկոյան ուշ ժամերին, տասնմեկից հետո. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ օրըստօրե մեծանում, վիթխարի ծավալ էր ստանում Մազութի Համոյի հասարակական գործունեությունը, որով, իհարկե, քիչ տեղ էր մնում անձնական հաճույքներին. աննշան տեղ։ Արդեն խոսում էին, արդեն շատ որոշակի շշուկներ էին շրջում քաղաքում— և այդ շշուկները ինչ-որ առնչություն ունեին ընկ. Վառոդյանի հետ, արդեն տալիս էին հայտնի անուններ: «Անդրանի՛կ», «Դրո», «Քեռի», — խոսում էին արդեն տներում ու փողոցներում։ Եվ այդ անունները կապվում էին, ինչ-որ անհայտ թելերով կապվում էին այդ անունները Մազութի Համոյի գրասենյակին. ինչ-որ անհայտ կողմ երից երկարվում էին, ասես, աներևույթ թելեր և փաթաթվում էին «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի շուրջը, նրա հետ առընթեր մեջ առնելով նաև ընկ. Վառոդյանին,