Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեյմուն,բանե խաբա՞ր էս հեչ...»: Կոշկակար Սիմոնը կարծեց, թե ճիշտ որ կանչում է իրեն Մազութի Համոն. դանակը վար դրեց Կինտաուրի Սիմոնը և ելավ ոտքի։ «Ո՞ւրա, ո՜րտեղ է» — թեկուզ խոցված վարսավիրի կոպիտ հորջորջումից, բայց ներքուստ հպարտացած, որ, ա՛յ, ինքը ևս առնչություն ունի այնպիսի անձնավորությանց հետ, ինչպիսին է Համո Համբարձումովիչը — Մազութի Համոն։ «Ու՞րա», — շողոքորթ ժպտալով հարցրեց Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլին, կարծելով, որ դուրսը, դռան մոտ, երևի, կանդնած սպասում է իրեն Մազութի Համոն։ — «Ա′յ» — պատասխանեց, մեջքը թեքելով և կռնակը դեպի Կլուբի մեյմունը դարձնելով, վարսավիր Վասիլը. ու ցուցամատը տարավ, ցույց տվեց... իր այն տեղը, որի վրա ծննդյան օրից նստում էր նա։ Հասկացավ Կլուբի մեյմունը, գլխի ընկավ նա, որ «ձեռ է առել» իրեն վարսավիր Վասիլը. —«Թյո′ւ, մարդ, նամուսիդ»— թքեց Կինտաուրի Սիմոնը վարսավիրի ետևից. բայց նա, խռպոտ հռհռալով, ցատկել էր արդեն դուրս։ Վարսավիր Վասիլը արդեն չկար։

Բայց ես մոռացա ասեմ, որ Մազութի Համոյի նույն այդ հայտարարությունների կողքին, նույն այդ օրը, փակցրած կային ևս ուրիշ հայտարարություններ, որոնց ճակատին տպված էր թեև «Լույս» Նավթարդյունաբերական Ընկերության կողմից» ծանուցումը, սակայն նրանց ներքևում ևս տպված էր նորից նրա, անխուսափելիորեն նրա — Մազութի Համոյի ստորագրությանը: Նրանցում, այդ մյուս հայտարարություններում, ծանուցվում էր ի լուր հանրության, — որ