Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրելի ընթերցո՛ղ, թողնում եմ, որ դու… այո, դու — գտնես Նայիրին։ Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նայիրցիներ. սիրի՛ր, որին կուզես, գտիր, ում որ սրտում, կամ հոգում կամենաս, երկիրը Նայիրի։ Իսկ եթե, բան է, չգտար — ների՛ր, սիրելիս՝ ես չեմ մեղավորը… Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նայիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք․ սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն — կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։ Ոչ մի «երկիր Նայիրի» — այլ միայն — մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որը հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917–ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը — և ուրիշ ոչինչ…

Ուրիշ ոչինչ։

. . . . . . . . . . . . . . .

Մնացածը — վեպում։

Ե․Չ

Մոսկվա, 1921,

հոկտեմբեր